Հայ ժողովրդական «Ախ Մայրամ» երգն է՝ «Սասուն» անսամբլի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյան:
Ժողովրդի խոսակցական լեզվին համապատասխան «Մարիամ» անունը երգում արտասանվում է «Մայրամ»:
Այստեղ, թվում է, պատկերված է սիրած աղջկան առևանգելու տեսարան: Սիրահար տղան երգում է, որ ինքը հիացած, սքանչացած է Մարիամի տեսքով, նրա գեղեցիկ ներաշխարհով, և նրան իր բարեկամներով փախցրել են գիշերով՝ անցնելով արտ ու արոտի մեջ աճած փշերի միջով: Հավանաբար այս դժվար ճանապարհն են ընտրել, որպեսզի դժվարցնեն Մարիամի հարազատների հետապնդումը: Ապա տղան հայտնում է, որ աղջկան փախցնելիս նրանք դեղին մոմեր էին վառել, որպեսզի լուսավորվի ճանապարհը, և այդպես՝ մոմերի շարքերով ընթացող իրենց խումբը գեղեցիկ տպավորություն էր թողնում ու հաճելի հիշողություն է դարձել իրենց համար: Տղան նաև իմացել է, որ Մարիամին փախցնելուց հետո նրա հարազատները մեծ աղմուկ էին բարձրացրել, գուցե նաև փորձել էին հետապնդել ու ետ խլել իրենց աղջկան, և այդ լուրը տարածվել էր գյուղե-գյուղ:
Ինչպես ասացինք, թվում է, թե աղջկան փախցնելու տեսարան է, սակայն ուշադրություն դարձնենք մի հանգամանքի. Մարիամին տարել են գիշերով և այն էլ՝ դեղին մոմեր ձեռքներին բռնած: Իսկ դեղին մոմեր լինում են միայն եկեղեցում: Ի նկատի ունենանք, որ կան բազմաթիվ ազգագրական նյութեր այն մասին, որ գրեթե բոլոր գավառներում ընդունված էր հարսին շաբաթ լույս կիրակիի գիշերը տանել եկեղեցի՝ պսակադրության: Սրանից հետևում է, որ սա հենց հարսանեկան ծիսական պար&