Ունենք 98 օր` տանելու նուրբ դիվանագիտական աշխատանք երկրներին հորդորելով լայն կազմով չմասնակցել «COP 29»–ին. Գայանե Գաբրիելյան

Ադրբեջանն արդեն 3–րդ երկիրն է, որ նավթարդյունահանող է ու որտեղ այս տարվա նոյեմբերին անցկացվելու է աշխարհի մակարդակով կարևորագույն «COP 29-րդ» ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության համաժողովը։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց շրջանակաձև տնտեսության փորձագետ տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Ըստ նրա` սա արդեն ոչ թե կլիմայական խնդիրների վերհանման, այլ քաղաքական ենթատեքստ ունեցող համաժողով է դարձել։ Նախնական պայմանավորվածության համաձայն` համաժողովը պետք է հյուրընկալեր Հայաստանը։ «Հորդորում եմ երկրի ղեկավարին և ԱԳ նախարարությանը` թյուր ինֆորմացիա չտալ, օրինակ` կառավարության էջում չգրել, որ Ադրբեջանին մենք զիջեցինք «COP 29–ը», իսկ նա զիջեց բյուրոյում ղեկավարությունը։ Բյուրոյում ղեկավարությունը ՀՀ–ինն էր ի սկզբանե, քանի որ գոյություն ունի ռոտացիոն համակարգ»,– ընդգծեց Գաբրիելյանը։
Back to Top