Աշուղ Շիրվանու «Աննման աղջիկ» երգն է՝ Մանիկ Գրիգորյանի կատարմամբ:
Շիրվանին (Շամիր Հարությունյան) ծնվել է Կապանի շրջանի Կաղնուտ գյուղում՝ չորս բոլորը անտառ՝ լի թռչունների երգով և դայլայլով, յուրահատուկ բնական երաժշտությամբ, որի ազդեցությամբ մանուկ Շամիրի հոգու և սրտի լարերը սկսեցին նվագել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 9 տարեկան Շամիրը պահածոյի տուփից փորձեց քամանչա սարքել և ձիու մազերից պատրաստված աղեղով նվագել: Ինքնաշեն քամանչան ձայն չէր հանում: Պարզվեց՝ աղեղին պետք է բևեկնախեժ քսել: Դա երաժշտական աշխարհի գաղտնիքներից առաջինն էր: Հետո աստիճանաբար բացվեցին մյուսները, որոնց տիրապետում էր Շամիրը: Կաղնուտցիները զմայլվում էին դպրոցական Շամիրի նվագով և երգեցիկ ձայնով: Շուտով ինքը սկսեց իրեն նվագակցել՝ հոր առած մանդոլինը կրծքին սեղմած:
Եկավ 1937-ը, ու Շամիրի հորն էլ հասավ... Հասարակ դարբնի մեղքն այն էր, որ նորոգել էր Անդրանիկի զինվորների հրացանները և չէր հավատացել Աղասի Խանջյանի շինծու ինքնասպանությանը՝ ասել էր. «Բերիայի ձեռքի գործն է, Խանջյանն ինքն իրեն սպանողը չէր»: «Եռյակի» որոշմամբ «Ժողովրդի թշնամի» պիտակը կպցնելով՝ գնդակահարվել էր Գորիսում, իսկ ընտանիքի ողջ ունեցվածքը բռնագրավվել:
Չնայած դժվարին կյանքին, որը հոր մահից հետո բաժին էր հասել 16-ամյա Շամիրին, նա իր ողջ կյանքում մնաց երաժշտության ծառան: Հարսանիքներին քամանչա նվագելով ու երգելով էր հաց վաստակում, մինչև որ մի օր պատահականորեն նրա նվագը լսեց ինքնուս երաժիշտ ու ստեղծագործող Մարտիրոս Սարգսյանը: Հավան