Համո Սահյան Երդիկն ի վար... Կարդում է Սոս սարգսյանը
Երդիկն ի վար երկնքի խաղ,
Առավոտ,
Լույսի հոտ է, մոր ծոցի հոտ,
Հացի հոտ:
Զարթնած հովիտ, թրջված հովեր,
Բոբիկ ոտ:
Ցողի հոտ է, ծիծաղի հոտ,
Շողի հոտ:
Արևկող լանջ, մրկած կածան,
Տապ ու տոթ:
Քարի հոտ է, օշինդրի հոտ,
Ուրցի հոտ:
Թախկած ձյուներ և ծաղիկներ
Ձյունի մոտ:
Քամու հոտ է, բարձունքի հոտ,
Ամպի հոտ:
Ծմակն ի վար խոնավ խութեր,
Խոնարհ խոտ,
Մամուռի հոտ, սարսուռի հոտ,
Սունկի հոտ:
Ահռելի ձոր, մաշված առու,
Մրսած օդ,
Ցավի հոտ է, անձավի հոտ,
Մութի հոտ:
Մի բուռ հանգիստ պապիս մի բուռ
Հողի մոտ,
Մորմոքի հոտ, արցունքի հոտ,
Խնկի հոտ: